Through the Orchards of Armenian Language & Poetry Presented by: Zarminé Boghosian
Search This Blog
Search This Blog
Sunday, November 14, 2021
2021, Oct 1, AZG,TCA_Yerevan, Article Christine Melkonian, Zarmine Book Signing
https://www.azg.am/AM/2021100128?fbclid=IwAR2OaK7LGQhfasJ0aiBzWwC8tFBh43fmwsqZaAwBBtYAxk-6v_P2ksE1D5k
Տեղադրվել է` 2021-10-01 22:41:59 (GMT +04:00)
Ընթերցված է` 2460, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0
«ԱԶԷԶԻՑ ԱՄԵՐԻԿԱ». ԿԱՅԱՑԱՎ ԶԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
Հայաստանի Թեքեյան մշակութային միության Լրատվական կենտրոն
Քրիստինե Մելքոնյան
Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ սփյուռքահայ կրթական եւ մշակութային գործիչ Զարմինե Պողոսյանի «Ազէզէն Ամերիկա» գրքի շնորհանդեսը։
Նա ծնվել է Սիրիայի Ազէզ քաղաքում։ Նոր լույս տեսած գրիքն էլ սկիզբ է առնում հենց ծննդավայր Ազէզից ու հասնում մինչեւ Ամերիկա, որտեղ հաստատվել է եւ մինչ օրս իր հայանպաստ գործունեությունն ու շարունակում Զարմինե Պողոսյանը։
Երկարամյա մանկավարժի գրքում ամփոփված է հեղինակիՙ 1960-ականներից մինչեւ մեր օրերը հասնող խոհագրությունները, հոդվածներն ու բանաստեղծությունները։ Դրանցում կարծես ամբողջանում են նրա մանկության ու պատանեկության հուշերը, մանկավարժական բեղուն գործունեության դրվագները, Ազէզից Հալեպ ու Ամերիկա ձգտող հայության բեկորների գրամշակութային առօրյան, Հայրենիք-Սփյուռք կրթական ու մշակութային հարաբերությունների ուրվագծումները։
Գրքի շնորհանդեսին ներկա էին սփյուռքահայ տարբեր համայնքների կրթական եւ մշակութային գործիչներ, հեղինակի գործընկերները, որոնց հետ համատեղ տարբեր հաստատություններում բազում ձեռնարկներիՙ դասավանդման, վերապատրաստումների այլ միջոցներով իրագործել են օտար ափերում հային հայ պահելու առաքելությունը։
Գրքի խմբագիր Քնարիկ Աբրահամյանը շնորհավորեց գրքի լույսընծայման առիթով եւ ընդգծեց, որ Զարմինե Պողոսյանը սփյուռքյան կրթական միջավայրում քաջածանոթ անուն է։ Խոսելով գրքի կազմման աշխատանքների մասինՙ նա նշեց, որ առաջին հերթին շատ հետաքրքիր էր ծանոթանալ Զարմինե Պողոսյանի հերոսներին. այս գիրքը ձեռքը վերցնողն առաջին հերթին կծանոթանա հենց հեղինակի հետ։
«Գրքին պետք է մոտենալՙ հաշվի առնելով, որ Զարմինե Պողոսյանը մանկավարժ է։ Նրա գրչի արդյունքն այսօր էլ ուսանելի է շատերի համար։ Հայ համայնքային կյանքը նրա աշխատանքի կիզակետում էրՙ նպատակ ունենալով ամերիկյան ափերում հայ մշակույթը եւ հային պահել»,-նշեց գրքի խմբագիրն ու եւս մեկ անգամ վստահեցրեցՙ Զարմինե Պողոսյանը հայ մշակույթի արթուն պահակ է։
«Գրողներ կան, որ չեն գործում եւ կան գործողներ, որ չեն գրում։ Զարմինե Պողոսյանը երկուսն էլ անում է. արդյունքը երեւում է նրա օգտապաշտական գրականության մեջ։ Ստեղծում է գաղափարին նվիրված գրականություն, որն ուզում է անպայման բան փոխանցել»,-իր ելույթում նշեց գրող, գրականագետ Երվանդ Ազատյանը եւ շնորհակալություն հայտնեց Թեքեյան մշակութային միությանըՙ գրքի շնորհանդեսը կազմակերպելու համար։
Երվանդ Ազատյանը նկատեցՙ Զարմինե Պողոսյանի գրիչը դիպուկ է, անսահմանՙ ամենավսեմից մինչեւ ամենանսեմը, ներշնչումներնՙ ազգային, ինչի արտացոլանքը հենց իր կյանքն է։ Նրա կարծիքովՙ օտար ափերում հայություն քարոզելը մարտահրավեր է, որի դիմաց պողպատյա հավատք է պետք ունենալ. «Զարմինե Պողոսյանը կրթական մշակ էՙ մեսրոպաշունչ հավատամքով, իսկ գրքի ամեն էջը մեղրահամ քնքշություն ունի, ինչպես իրենց բակի այն թթենու պտուղը, որի մասին հիշատակել էր գրքում»,-հավելեց Երվանդ Ազատյանը։
Զարմինե Պողոսյանին շնորհավորելու էին եկել ինչպես Սփյուռքից, այնպես էլ Հայաստանի մի շարք կրթամշակութային հաստատություններից։ ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նախ ընդգծեցՙ միջոցառումն առաջին հերթին սփյուռքահայ ուսուցչին մեծարելու առիթ է. նա ընտրել է ամենազգայուն ու ամենաանշնորհակալ, իսկ Ամերիկայումՙ ամենադժվարին գործըՙ օտար ափերում հայի ոգին պահելը, հայ մարդուն վերակերտելը։
«Նա կտրել է ուսուցչի եւ գրական-մշակութային գործչի ճանապարհը։ Այդ ճանապարհին փորձում է հետ բերել ազգայինի ավազանից փախչող, արմատից պոկվող հայինՙ դեմ գնալով ժամանակին»,-նշեց պրոֆեսոր Դանիելյանն ու վստահեցրեցՙ այս մեծ վաստակի առջեւ խոնարհվել է պետք։
Ամերիկաբնակ հրապարակախոս, գրականագետ Հովսեփ Նալբանդյանը քաջատեղյակ է այն իրողություններին, որոնք այսօր կան հայության ինքնության կորստի ճանապարհին։ Նա խիստ անհագստացած է այդ փաստով եւ վստահեցնում էՙ պետք է անել հնարավորը այդ հոսանքի դեմ պայքարելու համար։ Վերջինս բարձր գնահատեց Զարմինե Պողոսյանի գործունեությունը, որը շաղախված է ոչ թե խոսքով, այլ բացառապես գործովՙ դասավանդելով։
«Վարձքդ կատար, վաստակդՙ արդար»,-այս բարեմաղթությամբ շնորհավորեց Հովսեփ Նալբանդյանն իր գործընկերոջն ու վստահեցրեցՙ կշարունակեն լինել պայքարի իրենց տեղերում։
Գրքի շնորհանդեսին ներկա էին նաեւ ուսուցիչներ, ապագա մանկավարժներ։ Նրանք միակարծիք ենՙ վաստակաշատ մանկավարժի անցած ուղին իրենց համար այսօր էլ օրինակելի է։
Ձեռնարկի ավարտին Զարմինե Պողոսյանը շնորհակալություն հայտնեց հայրենիքում իր գրքի շնորհանդեսը մեծաշուք կազմակերպելու համար, քանի որ մայրաքաղաք Երեւանն իրենց համար կարծես կարոտախտի հավաքավայր լինի։ Խոսելով հայության ինքնության պահպանման իրՙ որպես մանկավարժի առաքելության մասին, նա վստահեցրեց, որ դա իր եւ մյուս մանկավարժների պարտք է. «Օրերս ճյուղերը չորացած ծառ տեսա։ Վերեւ նայեցիՙ գագաթը կանաչ էր. ես հավատում եմ, որ հույս կաՙ վկան այստեղ ներկա երիտասարդ մանկավարժները»,-ելույթի ավարտին նշեց Զարմինե Պողոսյանը։
Subscribe to:
Post Comments (Atom)
The Wonderful World of the Armenian Language-by Zarmine K. Boghosian
The Wonderful World of the Armenian Language Speech delivered by Zarminé Boghosian In early 1989-1990 On the occasion of Armenia...
No comments:
Post a Comment