Search This Blog

Search This Blog

Thursday, January 31, 2019


                                 ԿԱՐՕՏ եւ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹԻՒՆ



Այսօր եղբօրս աղջիկը եկաւ մեր տուն

 - հայկական ճաշեր եփել սորվելու:

Շատ ուրախացայ:

Ինքզինքը կէս հայ նկատող

Ամերիկեան քաղաքացի եղբօրս զաւակը

          Հայկակա՛ն քիմք ունի:

Նախ սմբուկ, լոլիկ եւ պղպեղ զատեցինք կանաչեղէնի խանութէն

Այնտեղ մեծ մայրս է որ ողջնցաւ եւ խօսիլ սկսաւ...

Թելադրելու համար թէ՝  սմբուկը ողորկ եւ քիչ մըն ալ փափուկ

Պէտք է ըլլայ  որպէսզի թէ՛ քաղցր ըլլայ եւ թէ դիւրին փորուի:

Բրինձ կամ  ձաւար,  միսով թէ առանց միսի

Միեւնոյնն է աշխատանք է պէտք

              մինչեւ կաթսային յանձնելու ժամը հասնի

Գլուխը կտրելկափարիչ  պահել,  փորել,   

          Միջուկը հանել, քերթել, համեմել, լեցնել...

Եւ կամ տերեւ հաւաքել՝

Թարմ ու կանաչ, մետաքսի պէս մատերդ շոյող

Բակին մէջ աճած որթատունկին կանաչ տերեւները

Շարել համաչափ, երկուքի ծալլել

          եւ...եռացող ջուրին մէջ թորմեցնել..

-         «Հիմա կը հասկամ թէ հայ մայրերը

            ինչո՞ւ խումբով աշխատիլ կը սիրեն

  Ասիկա երկար ժամերով աշխատանք է

          կէս ժամուայ մէջ ուտել-կշտանալու  համար...»

Կը բացագանչէ նոր սերունդի ներկայացուցիչ

եղբօրս զաւակն իմ

                       Հայկական տոլմա եփելուն անգիտակից ...

Սմբուկը ձեռքիս՝ կը հեռանամ մտքով

Հօրքուրի՞նչ պատահեցաւ-

 «Ար եու հիր- հո՞ս ես» հարց կու տայ ան...

Կը պատմեմ իրեն թէ ուր հասեր էի

                             մտքիս թելերուն հետ ճամբորդելով

Երբ հազիւ տաս տարեկան աղջնակ՝ մօրս կ՛օգնէի

Վերմակ կարելու ասեղ-դերձանով

Իր եւ խումբ մը իր ընկերուհիներուն ձեռքերով

Պարկ մը լեցուն քիլօներով սմբուկներ

                                                փորուած-քերթուած 

Թելին անցնելով պարաններուն վրայ կապելու...

                   պատշգամէն կախ տալու

Ձմրան պաշարն ապահովելու..

Ամառնային մեր արարողութիւնը...

Ամէնէն լաւ մասը այս բոլորին՝  

Լարա՛, պատմեմ քեզի սիրելիս,

Սեպտեմբերին այդ չորցած սմբուկներուն նուագը

Աշնանային զեփիւռին հետ մեղմիկ օրօրուող

Հովին դէմ այդ համերգին

Բոյրը չորցած սմբուկներուն շարոցին

Կ՛աւետէր վերամուտը

Կ՛առաջնորդէր մեզ...

                             Դպրոցական առօրեային

Հայ դպրոցի ճամբուն երկայնքին

Մեր քայլերուն հետ քայլ պահող,

Յատուկ ռիթմով ընկերակից մըն էր

Հայկական մեր թաղին երկայնքով մէկ

                        պատշգամներէն կախուած թէ՝

                             բակերէն արձագանգող ա՛յդ մեղեդին...

    Այս պահուն ա՛յդ նուագն է ականջիս....

          «Տհէթ իզ սօ բօէթիք հօրքուր.......

                  շա՜տ բանաստեղծական է հօրքուր..»

                        զարմացած աչքերը կը յարէ ինծի

            կարծես զիս նոր տեսնել սկսած եղբօրս զաւակը....

Տասնամեակները ակնթարթ դարձած

                             արագ տողանցքով կը սահին կ՛երթան

Ձեռքիս՝ սմբուկը

       ականջիս է Լարային շարունակուող ձայնը-

«Եու րիլի միսս Ալէբբօ Հօրքուր,տօնթ եու՞՞  իրաւ կարօտցած ես Հալէպը....այնպէս չէ՞»  լուռ կը նայինք իրարու.....

                       այո՛,  միեւնոյն տան մէջ ենք..  սակայն...                                     

                                       Լարան՝ Նիւ Եորք, ես Հալէպ....

Զարմինէ Գ. Պօղոսեան

20 Յուլիս,  2013- Նիւ Եորք

No comments:

Post a Comment

Aleppo - Grtasieats is 90 years old=by zarmine K. Boghosian- 2014

  ՈՂՋՈՅՆ 90-ԱՄԵԱՅ ԿՐԹԱՍԻՐԱՑԻՆ (1924-2014) .   ԿՐԹԱՍԻՐԱՑԸ ՄԵՐ ԵՐԿՈՒՔԻՆ ՀԱՄԱՐ (Յուշ պատառիկներ եւ սրտի խօսք՝ Միսաք եւ Զարմինէ Պօղոսեաննե...